Հ. Թումանյան. Սուտասանը

Լինում է, չի լինում մի թագավոր։ Էս թագավորը իր երկրումը հայտնում է.
«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորթյան կեսը կտամ նրան»։
Գալիս է մի հովիվ։ Ասում է.
_ Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։
_ Կպատահի,- պատասխանում է թագավորը։- Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։
Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։
Գալիս է մի դերձակ։ Ասում է.
_Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։
_ Հա՜, լավ ես արել,- ասում է թագավորը,- բայց լավ չէիր կարկատել. էս առավոտ մի քիչ անձրև թափվեց։
Սա էլ է դուրս գնում։
Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։
_ Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,-հարցնում է թագավորը։
_Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։
_ Սի կոտ ոսկի՞,- զարմանում է թագավորը։- Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։
_ Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։
_ Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,- խոսքը փոխում է թագավորը։
_ Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։

Ղ. Աղայան . Ամենաուժեղը

Գնացի ջաղաց: Ջաղացպանն ինձ ուղարկեց փայտի: Ման եկա, ման եկա,  փնտրեցի, փայտ չգտա: Վերջը գտա մի քոթուկ
/կոճղ/: Խփեցի, խփեցի, շատ խփեցի ոտքով ու քարով, դուրս չեկավ տեղիցը: Ասացի.
-Ա՛յ քոթուկ, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է կացինն ինձ կտրում:-Ա՛յ կացին, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է դարբինն ինձ ծեծում:-Ա՛յ դարբին, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է երկինքն ինձ տանում:-Ա՛յ երկինք, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ամպը երեսս ծածկում:
-Ա՛յ, ամպ, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, անձրևն ինչո՞ւ է մեջիցս վայր թափվում:
-Ա՛յ անձրև, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ եմ գետնին թափվում:
-Ա՛յ գետին, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ինձ վրա խոտ բուսնում:
-Ա՛յ խոտ, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, տավարն ինչո՞ւ է ինձ արածում:
-Ա՛յ տավար, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է գայլն ինձ ուտում:
-Ա՛յ գայլ, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, շունն ինչո՞ւ է փախցնում ինձ:
-Ա՛յ շուն, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ծեծում ինձ պառավը:
-Ա՛յ պառավ, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ ինձնից չի վախենում մուկը:
-Ա՛յ մուկ, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է բռնում ինձ կատուն:
-Ա՛յ կատու, ի՞նչ քաջ ես:
Ասաց.
– Այո, քաջ եմ, և այս մեծ տան պահողն եմ, մկներին մահ տվողն եմ,  սուփրի ծայրին նստողն եմ, մեր շան աչքի գրողն եմ: